AM
22 Հուլիս 2025 - 08:26 AMT

Բագրատ սրբազանը դատի է տվել Ալեքսանյանին, Ավանեսյանին և այլոց

Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր հասցեին վիրավորանք և զրպարտություն հասցնելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գրում է Sputnik Արմենիան։

Բագրատ սրբազանը Վահագն Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։

Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այս տեղեկությանը։

Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Գալստանյանը իրենից պահանջում է 6 միլիոն դրամ, իսկ մյուս պատասխանողներից՝ երեքական միլիոն։

«Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի է տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Մկրտչյանին, Ստյոպա Սաֆարյանին, Անի Խաչատրյանին։

Ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։

Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։

Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»,–գրել է նա։

Հունիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել էր իշխանությանը պատկանող կայքի հրապարակում, ըստ որի՝ ընդդիմադիր շրջանակներ, այդ թվում՝ Բագրատ սրբազանը, ներգրավված են պետական հեղաշրջման պլանների մեջ։ Այդ գրությունից անմիջապես հետո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման անդամների ու աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ շարժման կազմակերպիչներն ու մասնակիցները նախատեսել են ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում։

Արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, այդ թվում՝ Բագրատ սրբազանը, ով հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել է ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Նույն գործով կալանավորվել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, Լիդիա Մանթաշյանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։