AM
4 June 2009 - 08:43 AMT

Երեւանում թանգարանային մենեջմենթի դասընթացներ կկայանան

Երեւանում թանգարանային մենեջմենթի չորսօրյա դասընթացներ կկայանան: Դասընթացներին կմասնակցեն մասնագետներ Հայաստանի զանազան շրջանների 27 թանգարաններից:

Դասընթացները նախապատրաստել են 4 թանգարաններ` «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երեւանի Պատմության թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը ՅՈՒԵՍԿՈ-ի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության Միջպետական հիմնադրամի եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Հունիսի 11-14 կայանալիք դասընթացների ծրագրի մեջ ներառված են ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներ: Աշխատանքի այդպիսի սկզբունքը զգալի արդյունքների հասնելու հնարավորություն կընձեռի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի»
պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:

Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետները զեկույցներ կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանման, ցուցադրությունների գիտական կոնցեպցիաների, պատմահնագիտական թանգարանների ժամանակակից խնդիրների վերաբերյալ եւ այլն: