Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը՝ 49%-ը գտնում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ գնում է սխալ ուղղությամբ, 36%-ը նշել է ճիշտ ուղղությամբ պատասխանը, իսկ 15%-ը դժվարացել, կամ հրաժարվել է պատասխանել։ ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտությանկենտրոնի նախաձեռնությամբ՝ ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից (ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։
Հարցումն իրականացվել է հեռախոսային եղանակով՝ 2025 թվականի հունիսի 16-26-ը։ 2024-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած անցած հարցման համեմատությամբ՝ երբ 46 տոկոսը համարել էր, թե երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, իսկ 40 տոկոսը նշել էր սխալ ուղղությամբ շարժվելու մասին, այս տարվա արդյունքները ցույց են տվել հակառակ միտում։ Այդ ժամանակ ևս 14 տոկոսը չի կողմնորոշվել կամ հրաժարվել է պատասխանել, հայտնում է Factor.am-ը։
Հետազոտության համար ընտրվել է 18 տարին լրացած 1505 մարդ, ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանված նախկին բնակիչները, ովքեր ներկայում ապրում են Հայաստանում։ Հարկ է նշել, որ 6 ամսից քիչ ժամանակ ապրած անձինք չեն ընդգրկվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացնում է այն չափահաս քաղաքացիներին, ովքեր օգտվում են բջջային հեռախոսներից, չներառելով բնակչության մոտ 1.7 տոկոսը։
Ստացված տվյալները համարժեքեցվել են՝ ելնելով տարիքի, սեռի և բնակավայրի տեսակից՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տեղեկատվության։ Հաշվի առնելով, որ այս հարցման ժամանակ մասնակիցների մեջ ավելի շատ են եղել բարձրագույն կրթությամբ հարցվողները, համեմատած ՄՀԻ նախորդ ուսումնասիրությունների հետ, կիրառվել է համապատասխան կշռման գործոն՝ կրթական շեղումները հավասարակշռելու նպատակով։ Կշռման հաշվարկն արվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի ցուցանիշները՝ 18 և բարձր տարիքի անձանց կրթական միջինի համադրությամբ։ Հարցմանը մասնակցության մակարդակը կազմել է 25 տոկոս։






