Ամեն տարի հուլիսի 22-ին նշվում է Ուղեղի համաշխարհային օրը, որը սահմանվել է Համաշխարհային նյարդաբանության ֆեդերացիայի կողմից՝ հասարակության և առողջապահական մարմինների ուշադրությունը ուղեղի առողջության կարևորության և նյարդաբանական հիվանդությունների կանխարգելման վրա հրավիրելու նպատակով:
2025 թվականի Ուղեղի համաշխարհային օրը նվիրված է ուղեղի առողջության խթանմանը կյանքի բոլոր փուլերում և տարիքային խմբերում։ Այս տարվա խորագիրը՝ «Ուղեղի առողջությունը կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար», շեշտադրում է, որ ուղեղի նկատմամբ հոգատարությունը շարունակական գործընթաց է, որն սկսվում է դեռևս նախածննդյան շրջանում, զարգանում է մանկության տարիներին և ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում՝ ազդելով նրա հնարավորությունների ու կյանքի որակի վրա, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
Մարդու գլխուղեղը հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի առանցքային օրգանը, որը համակարգել և կարգավորել է օրգանիզմի բոլոր փոխկապակցված գործառույթները։ Այն ապահովել է ներքին օրգանների ու համակարգերի կենտրոնացված կառավարումը՝ թույլ տալով մարմնին արագ և համակարգված արձագանքել շրջակա և ներքին միջավայրի փոփոխություններին։ Չնայած գլխուղեղի զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, այն օգտագործել է ամբողջ էներգիայի մոտ 17 տոկոսը և մինչև 20 տոկոսը ներշնչվող թթվածնից։
Գլխուղեղը պատասխանատու է մի շարք կենսական գործառույթների համար՝ ճանաչողական, զգայական, հուզական ու շարժողական, որոնք հնարավոր են դարձրել մտածելը, ընկալելը, զգալը, ուսումը և արտաքին աշխարհի հետ շփումը։ Այս ունակությունների շնորհիվ մարդը կարողացել է իրացնել իր ներուժը կյանքի բոլոր փուլերում։
Գլխուղեղի գործունեության խանգարումներն անմիջապես ազդել են այլ օրգանների և համակարգերի աշխատանքի վրա՝ զգալիորեն նվազեցնելով ամբողջ օրգանիզմի կենսունակությունը։
1990-ից 2021 թվականներին աշխարհում արձանագրվել է նյարդաբանական հիվանդությունների կայուն աճ՝ այդ թվում կաթվածի, Ալցհեյմերի հիվանդության և մյուս դեմենցիաների, Պարկինսոնի հիվանդության, միգրենի, գանգուղեղային վնասվածքների և էպիլեպսիայի։ Global Burden of Disease (GBD) տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում ուղեղի հիվանդություններով տառապել է յուրաքանչյուր երրորդ մարդ։ Ընդհանուր հիվանդաբեռի գրեթե 70 տոկոսը բաժին է ընկել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը ուղեղային հիվանդությունների տարածվածությունը կարող է աճել 22 տոկոսով՝ հասնելով մինչև 5 միլիարդ մարդու։
Օրինակ՝ 2021-ին մոտ 57 միլիոն մարդ տառապել է դեմենցիայից, իսկ մինչև 2050 թվականը այդ թիվը կարող է եռապատկվել՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ։ Տղամարդիկ առավել հաճախ են բախվել կաթվածի, գանգուղեղային վնասվածքների և ուղեղի անոթային խանգարումների, մինչդեռ կանայք առավել ենթակա են եղել միգրենին, ցրված սկլերոզին ու դեմենցիային։
Նյարդաբանական հիվանդությունները շարունակում են մնալ հաշմանդամության և վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը։ Տարեկան այդ հիվանդությունները խլել են մոտ 9 միլիոն մարդու կյանք՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին։ Դրանց պատճառած տնտեսական կորուստները ևս զգալի են․ օրինակ՝ 2021-ին դեմենցիայի բուժման գլոբալ ծախսերը գերազանցել են 800 միլիարդ ԱՄՆ դոլարը, և ակնկալվում է, որ առաջիկա չորս տասնամյակների ընթացքում այդ ծախսերը կգերազանցեն մյուս բոլոր քրոնիկ հիվանդություններին ուղղված ֆինանսական միջոցները։
Նյարդաբանական հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝ ներառելով գենետիկ, բնապահպանական և վարքային բաղադրիչներ։
Գլխավոր ռիսկի գործոններն են․
Տարիքը․ առանցքային, բայց չկառավարվող գործոն է։ Տարիքի առաջխաղացմամբ գլխուղեղում առաջանում են բնական փոփոխություններ։ Նեյրոնային կապերի ձևավորման առավել ակտիվ փուլը դիտարկվում է կյանքի առաջին տարիներին (2-ից 11 տարեկան), իսկ հասուն տարիքում նոր կապեր ստեղծելը բարդանում է՝ նպաստելով ճանաչողական ունակությունների անկմանը։ 70 տարեկանից հետո կտրուկ աճել է կաթվածի ու դեմենցիայի հավանականությունը։
Գանգուղեղային վնասվածքները՝ առավել հաճախ գրանցվում են երեք փուլում՝ մանկության տարիներին (վայր ընկնելու հետևանքով), երիտասարդության շրջանում (ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով) և տարեցների մոտ (նույնպես՝ վայր ընկնելու հետևանքով)։ Նույնիսկ միջին կամ ծանր աստիճանի գլխի վնասվածքները, որոնք ուղեկցված չեն ուղեղի ցնցմամբ, 1.8 անգամ ավելացնում են Ալցհեյմերի, այլ դեմենցիաների և Պարկինսոնի հիվանդության առաջացման ռիսկը։ Պաշտպանիչ միջոցների կիրառումը՝ սաղավարտներ, ընկնելու կանխարգելիչ մեթոդներ, գրեթե 70 տոկոսով կրճատում է այդ ռիսկը։
Սիրտանոթային հիվանդությունները՝ գրեթե բոլոր կաթվածների 90 տոկոսը կապված են եղել զարկերակային բարձր ճնշման, շաքարային դիաբետի, բարձր խոլեստերինի ու ճարպակալման հետ։
Ապրելակերպը՝ ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական ակտիվության պակասը, անբավարար կամ անորակ քունը զգալիորեն բարձրացրել են նյարդաբանական խնդիրների հավանականությունը։
Շրջակա միջավայրը՝ օդի աղտոտվածությունը և վնասակար մասնագիտական պայմանները մոտ 30 տոկոսով ավելացնում են դեմենցիայի առաջացման ռիսկը։
Ժառանգական գործոնները՝ որոշ գենետիկ առանձնահատկություններ կրկնապատկում են Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, իսկ որոշ մուտացիաներ դարձել են Կրեյտցֆելդտ-Յակոբի հիվանդության դեպքերի մինչև 10 տոկոսի պատճառը։
Հոգեբանական գործոնները՝ մշտական սթրեսը, տագնապը և դեպրեսիան բացասական ազդեցություն են թողնում ճանաչողական ֆունկցիաների վրա։
Սոցիալական պայմանները՝ աղքատությունը, կրթության ցածր մակարդակը և մեկուսացումը բարձրացրել են կաթվածի ու դեմենցիայի հավանականությունը։
Բազմաթիվ նյարդաբանական հիվանդություններ կարելի է կանխարգելել կամ վերահսկել՝ ուղղվելով կառավարելի ռիսկի գործոնների վրա՝ ապահովելով վաղ ախտորոշում, բնակչության իրազեկում և հավասար հասանելի բժշկական օգնություն։ Ուղեղի առողջության պահպանման ջանքերը պետք է սկսվեն նախքան ծնվելը և շարունակվեն կյանքի ողջ ընթացքում։
Հղիությունից առաջ՝ ծնողների առողջ վիճակը, հավասարակշռված սնունդը, վնասակար սովորությունների բացակայությունն ու պարբերական բժշկական ստուգումները նպաստում են ապագա երեխայի ուղեղի առողջ զարգացմանը։
Հղիության և հետծննդյան վաղ փուլում՝ մոր ֆիզիկական ու հոգեբանական կայուն վիճակը վճռորոշ դեր է խաղում պտղի ուղեղի առողջ զարգացման գործում։ Բավարար խնամքը, լավ սնուցումը և սթրեսի նվազեցումը նպաստում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի պաշտպանությանը։
Վաղ մանկություն ու պատանեկություն՝ կյանքի սկզբի տարիների փորձառությունը խոր ազդեցություն է թողնում սովորելու, հուզական և սոցիալական զարգացման վրա։ Ապահով միջավայրը, պատվաստումները և խթանող դաստիարակությունը նպաստում են ուղեղի առողջությանը երկարաժամկետ կտրվածքով։
Մեծահասակ և տարեց տարիքը՝ հավասարակշռված սննդակարգը, ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, սոցիալական կապերի պահպանումը, որակյալ քունը, առողջ կենսաձևը, ինչպես նաև արյան ճնշման ու գլյուկոզի վերահսկումը նվազեցնում են նյարդաբանական խնդիրների առաջացման հավանականությունը։
Ուղեղի առողջության պահպանման լավագույն եղանակներից մեկը նրա մշտական ակտիվացումն է։ Առավել օգտակար են նոր և նախկինում չկիրառված գործողությունները, որոնք խթանել են նոր նեյրոնային կապերի ձևավորումը և աջակցել մտածողության ճկունությանը։ Ընթերցանությունը, բանաստեղծությունների հիշողությունը, ստեղծագործական մոտեցումները, մտավոր հաշվարկները, օտար լեզուների ուսուցումը, ճանապարհորդությունները, ինչպես նաև մանր մոտորիկա պահանջող գործունեությունը պահպանել են ուղեղը ակտիվ և կենսունակ ցանկացած տարիքում։






