AM
22 Հուլիս 2025 - 09:09 AMT

ԱԺ-ում գործունեությունը դադարեցրած «Վերածնվող Հայաստանը» դեռևս ֆինանսավորվում է պետբյուջեից

2024 թվականի մարտի 1-ին ԱԺ նախկին պատգամավոր և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դուրս է եկել իր իսկ հիմնած «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար կազմից։ Այս տեղեկությունն արտացոլված է կուսակցության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունում։ Փաստաթուղթը չի հստակեցնում՝ արդյոք Հակոբյանը ամբողջությամբ դադարեցրել է կուսակցական անդամակցությունը, թե պարզապես հեռացել է ղեկավար կազմից, հայտնում է Factor.am-ը։

Ուշագրավ է, որ չնայած «Վերածնվող Հայաստանը» 2022-ի նոյեմբերին հայտարարություն էր տարածել, թե դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում, կուսակցությունը մինչ օրս ֆինանսավորվում է պետական բյուջեից։

2024-ին այն ունեցել է ընդհանուր 11․2 մլն դրամ մուտքեր, որի մեծ մասը՝ 9 մլն 23 հազարը պետական ընդհանուր ֆինանսավորումն է։ Մնացած 2․2 մլն դրամը կուսակցությունը նվիրատվություն է ստացել 3 անձանցից՝ Նոնա Եղիազարյանից, Նունե Սեյրանյանից և Դիանա Փալանջյանից։

«Վերածնվող Հայաստանի»ի ծախսերը 2024-ին 3․2 մլն դրամով գերազանցել են ստացած ֆինանսավորումը։ Թե որտեղից է ծագել այդ գումարը՝ հաշվետվությունից պարզ չէ։ Չնայած դրան՝ աուդիտը որևէ վերապահում չի արձանագրել կուսակցության հաշվետվության վերաբերյալ։ Ըստ հաշվետվության՝ 6.6 մլն դրամ ծախսվել է աշխատավարձերի գծով, 2.56 մլն՝ հարկեր և տուրքեր, 292 հազար դրամ՝ կոմունալ վճարումներ, 3.96 մլն՝ գույքի վարձակալություն, 416 հազար դրամ՝ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ, 604 հազար դրամ՝ այլ ծախսեր։

Որևէ շարժական կամ անշարժ գույքի մասին տվյալ «Վերածնվող Հայաստանը» չի ներկայացրել։