ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշվեհամարների վրա դատարանը դրել է 9 միլիոն դրամի կալանք։ Տեղեկությունն այդ մասին Թորոսյանը հաստատել է ֆեյսբուքյան իր էջում։
Դատարանը որոշում է կայացրել գործարար Սամվել Կարապետյանի հայցադիմումի հիման վրա, որով նա մի շարք քաղաքական գործիչներից՝ այդ թվում Արսեն Թորոսյանից, պահանջել է հրապարակային ներողություն և փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության համար։ Կարապետյանը յուրաքանչյուրից պահանջել է 9 միլիոն դրամ, ինչպես նաև՝ հերքում իր հասցեին հնչեցված արտահայտությունների վերաբերյալ։
Թորոսյանը գրել է․ «Բազմիցս ապացուցվել է, որ փողի քանակությունը բացարձակ չի նշանակում նաև խելքի առկայություն, հատկապես՝ քաղաքական։ Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։
Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստատում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9 մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։
Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից։
Իսկ Կալուգայում իր հարստությունը դիզած «բարերար» Սամոյին մի բան կասեմ, էդքան կաս դու կամ քո «պաշտպանության խոդհուրդը» մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր, թեև ակնհայտ է, որ այդքան չկաք ոչ դու, ոչ էլ քո վարձու «պաշտպանները»։
Երկու ամսով կալանավորված գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը զրպարտության և վիրավորանքի համար հայցադիմումներ է ներկայացրել նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, մի քանի այլ անձանց դեմ։






