ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել ենլ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրենց սեփականությանը վերաբերող ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի հետ ծանոթանալու համար։ Ծանուցումը հրապարակվել է azdarar.am կայքում։
Դատախազության հրավիրվածների թվում են նաև Գևորգյանի կինը, երկու որդիներն ու դուստրը, ինչպես նաև ծնողները։ Նրանք պետք է ներկայանան հուլիսի 24–ին։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-ասված էծանուցման մեջ։
Հունիսի 3–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ` մոտ 5 մլրդ դրամի:






