AM
22 Հուլիս 2025 - 09:45 AMT

«Հայանտառի» մասնաճյուղի տնօրենը մեղադրվում է պետությանը 360 մլն դրամի վնաս պատճառելու մեջ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ստացվել են փաստեր այն մասին, որ նշված մասնաճյուղի տնօրենը 2017-2018 թվականներին տեղյակ է եղել իր ստորաբաժանումներում տեղի ունեցող ապօրինի ծառահատումների, փայտանյութի մթերման ու վաճառքի մասին, սակայն՝ առաջնորդվելով անձնական շահերով ու խմբային շահագրգռվածությամբ, բանավոր և ոչ իրավաչափ կարգադրություններ է տվել անտառապետերին ու անտառապահներին՝ վերջիններիս հորդորելով չարձանագրել տվյալ դեպքերը և կանխել դրանց բացահայտումը։

Այս պատճառով՝ կառույցի տարբեր պահաբաժիններում ապօրինի կտրվել է 3221 ծառ։ Դրանք բացահայտվել են միայն այն բանից հետո, երբ վարույթ իրականացնող մարմնի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են ստուգումներ։

Տնօրենի գործողությունների հետևանքով պետությանը հասցվել է 360 մլն 377 հազար 625 դրամի չափով գույքային վնաս։

Հ.Ա.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանն ու անցմանը։

Նախաքննության ընթացքում Հ.Ա.-ին պատկանող մի շարք շարժական և անշարժ գույքերի վրա դրվել է արգելանք՝ 21 մլն 111 հազար 587 դրամի չափով:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցանքի մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։