AM
22 Հուլիս 2025 - 10:00 AMT

Ավանեսյանն առաջարկել է միասնական հայց ներկայացնել Գալստանյանի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է այն հրապարակումներին, որ Բագրատ սրբազանը դատարան է դիմել՝ իրեն մեղադրելով զրպարտության և վիրավորանքի համար։ Ավանեսյանն առաջարկել է միասնական հայց ներկայացնել Գալստանյանի դեմ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հետքի» հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար: Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:

Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք… Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Ահաբեկչությունը մեր երկրում տեղ չունի»,–գրել է նա։

Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր հասցեին վիրավորանք և զրպարտություն հասցնելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գրում է Sputnik Արմենիան։

Բագրատ սրբազանը Վահագն Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։