AM
22 Հուլիս 2025 - 10:19 AMT

Մելիլքյան․ Ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումները, արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցը՝ ներկայացնելով խոսքի ազատության վիճակն ու ԶԼՄ-ների հանդեպ խախտումների բնույթը։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասուլիսում նշել է, որ Հայաստանում երկրորդ եռամսյակը հասարակական-քաղաքական առումով բավականին լարված ժամանակահատված էր, ինչն ուղղակիորեն անդրադարձել է լրատվական դաշտի վրա՝ խորացնելով արդեն իսկ առկա բևեռվածությունը։

Նա նշել է, որ ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումները, արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք, հայտնում է Panorama.am-ը։

«Լրագրողները, կախված քաղաքական կողմնորոշումներից, ճնշումների են ենթարկվում, բարդություններ են առաջանում նրանց գործունեության ընթացքում։ Ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները բարդ հարաբերություններ ունեն իշխանական պատգամավորների, պաշտոնյաների հետ, հաճախ կոնֆլիկտներ են առաջանում, հակառակը՝ իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցների լրագրողները հաճախ բարդությունների են բախվում ընդդիմադիր գործիչների հետ շփվելիս։ Այդ քաղաքական կողմնորոշումներով ու այդ հարաբերություններով պայմանավորված՝ լինում են ճնշումներ»,- ասել է Մելիքյանը։

Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ճնշումների 36 դեպք, ինչը 11-ով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը։ Բացի այդ, արձանագրվել է ֆիզիկական բռնության երկու դեպք, որոնք իրականացվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները կազմել են 39 դեպք՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով ևս 10-ով։

Մելիքյանը հայտնել է, որ աճել է նաև դատական հայցերի քանակը՝ ընդհանուր առմամբ արձանագրվել է 16 նոր գործ, բոլորը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, ինչը երեքով ավելի է, քան նախորդ եռամսյակում։

«Կիսամյակում 29 դատական գործը բավականին բարձր ցուցանիշ է։ Այս միտումը եթե շարունակվի, տարին կարող է մտահոգիչ լինել այս առումով։ Միջազգային կառույցներն այս միտումը չեն ողջունում, բացասական միտում է, երբ պաշտոնյաներն են դատական հայցեր ներկայացնում»,- նշել է Մելիքյանը։

Նրա ներկայացրած տեղեկություններով՝ հայցվորների շարքում եղել են բիզնես միջավայրի ներկայացուցիչներ՝ 6 գործով, նախկին և ներկա պաշտոնյաներ՝ 3 գործով, քաղաքական գործիչներ՝ 2, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ՝ ևս 2, ֆիզիկական անձինք՝ 2 և մեկ դեպքով՝ փաստաբան։

Աշոտ Մելիքյանը մտահոգիչ է գնահատել այն փաստը, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները գնալով ավելի հաճախ են բախվում վիրավորանքների, սպառնալիքների և անհարգալից վերաբերմունքի։

«Դա, կարծես, քաղաքական միջավայրում դառնում է սովորական երևույթ, ինչը մտահոգիչ է։ Մենք արձանագրել ենք բավականին մեծ քանակի նման դեպքեր, մեծամասնությունը՝ 17 դեպքն իրականացվել են պաշտոնյաների կամ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից»,–ասել է նա։