AM
22 Հուլիս 2025 - 10:30 AMT

Հարությունյան. Իշխանափոխության միակ առաջարկն իմպիչմենտի գործընթացն է

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանափոխության միակ առաջարկն իմպիչմենտի գործընթացն է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նիկոլի` Վեհափառին գահընկեց անելու արշավի դեմ միակ ադեկվատ պատասխանը կարող է լինել նիկոլին գահընկեց անելու ռեալ պրոցես սկսելը:

Մնացած քայլերը լինելու են նրա թելադրած օրակարգում բրոունյան շարժումներ:

Այս պահին իշխանափոխության միակ առաջարկն իմպիչմենտի գործընթացն է: Լավ, թե վատ` միակն է: Երկրորդ առաջարկ պարզապես չկա, եթե կա` հուշե´ք»,-գրել է նա։

Վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ձևաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է՝ նույն խմբակցության պատգամավորներինը։ Այդ մասին հուլիսի սկզբին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտնել է իր պատրաստակամության մասին՝ մասնակցելու գործընթացին 28 ստորագրությամբ, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունից նշվում է, որ այդ ստորագրությունները փաստացի չեն ընդգրկվել իրենց պատրաստած փաստաթղթում։