AM
22 Հուլիս 2025 - 12:52 AMT

IRI. Հարցվածների 17%-ը կքվեարկի ՔՊ-ի, 4%-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներով՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։

Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, նույնքանը՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն, հայտնում է Արմենպրեսը։

Նույն հարցման տվյալներով՝ 12 տոկոսը հայտնել է, որ ընտրության օրը փչացնելու է քվեաթերթիկը, 28 տոկոսը հայտնել է՝ չի մասնակցի ընտրություններին, իսկ հարցվածների 22 տոկոսը հստակ պատասխան չի տվել։

Հետազոտությունն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային մեթոդով։ Հարցմանը մասնակցել են Հայաստանից 18 տարին լրացած 1505 քաղաքացի, ինչպես նաև բռնի տեղահանված անձինք Լեռնային Ղարաբաղից։ Ըստ հրապարակված տվյալների՝ հարցման ստույգության սխալի միջակայքը չի գերազանցել ±2.5 տոկոսային կետը ամբողջ ընտրանքի համար։