Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ և «Կենտրոն» վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի գործի քննությունը՝ դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ։
Բեգլարյանին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման գործով, գրում է Factor.am-ը։
Ըստ մեղադրանքի, նա, 2002 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009–ի մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, իսկ 2009–ի մարտի 4-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 8-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները, ունենալով համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին նշանակելու, համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու, համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին առաջարկություն ներկայացնելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ, Կենտրոն համայնքում գտնվող, , իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող և նշված ժամանակահատվածներում ընդհանուր 2,327,584,000 ՀՀ դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույքն իրենը դարձնելու, իսկ 2 անշարժ գույքը իր հետ փոխկապակցված անձինը դարձնելու նպատակով, դրդել և կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված նշված՝ առանձնապես խոշոր չափերի արժողությամբ անշարժ գույքերի մի մասի օրինականացումը:
Գործով մեղադրյալ է ևս երկու անձ։
Գագիկ Գյանջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, իսկ 2009 թվականի հունիսի 15-ից՝ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի պաշտոնները, տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ՝ այդ լիազորությունների ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Գագիկ Բեգլարյանի դրդմամբ 2009 թվականի ընթացքում, Գագիկ Բեգլարյանի օգտին գործողություն կատարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև Գագիկ Բեգլարյանի դրդմամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքերը, այն է՝ անշարժ գույքերի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի ունեցած իրավունքի և այն իրականում նրան պատկանելու փաստը թաքցնելու, այլ կերպ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը Գագիկ Բեգլարյանի կողմից օրինականացնելու նպատակով անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության կամ օտարման պայամանագրերը կնքել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձանց հետ՝ իբր իրականում անշարժ գույքերը վարձակալել կամ ձեռք են բերել վերջիններս:
Գագիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2002 թվականից մինչև 2009 թվականի մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքում համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի ենթակայության ներքո տարբեր պաշտոններում, իսկ՝ 2009 թվականի օգոստոսի 03-ից նաև համայնքի ղեկավարի տեղակալ, օժանդակել է պաշտոնատար անձին վերջինիս կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը:






