Անցյալ տարի Երեւանի «Էրեբունի» եւ Սանքտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանները պայմանավորվել են կազմել եւ հրատարակել եվրոպական թանգարաններում պահվող Ուրարտուի ժամանակաշրջանի 2 լուսանկարչական կատալոգ:
«Արդեն 3 ամիս է, ինչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Այդ ընթացքում կազմվել է նաեւ հավաքածուն, որտեղ ընդգրկված է շուրջ 10 000 լուսանկար: Սակայն վերջնական արդյունքին հասնելու համար դեռեւս շատ կա` կատալոգները կհրատարակվեն 2-3 տարուց»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
Նրա խոսքերով, ռուսական կողմն իր վրա է վերցրել ծախսերի մի մասը եւ հայկական կողմը կհրատարակի տպաքանակի կեսը: