AM
22 Հուլիս 2025 - 14:11 AMT

Հարցում․ Բանակն ու Եկեղեցին ամենաբարձր վարկանիշն ունեն, ԱԺ–ն՝ ամենացածր

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) նախաձեռնել է սոցիոլոգիական հարցում՝ պարզելու՝ ինչպես են Հայաստանի քաղաքացիները գնահատում տարբեր պետական ու հասարակական կառույցների աշխատանքը։

Հարցվածների 72 տոկոսը դրական կարծիք է հայտնել Հայաստանի Զինված ուժերի աշխատանքի վերաբերյալ, մինչդեռ 24 տոկոսը դժգոհություն է հայտնել, իսկ 4 տոկոսը՝ դժվարացել կամ հրաժարվել է արձագանքել։

Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը հավանության է արժանացել հարցվածների 58 տոկոսի կողմից, իսկ դժգոհություն է արձանագրվել 35 տոկոսի մոտ։ 6 տոկոսը նշել է, որ չի կարող պատասխանել, հայտնում է Արմենպրեսը։

Մարզպետարանների աշխատանքի վերաբերյալ դրական դիրքորոշում է հայտնել մասնակիցների 56 տոկոսը, դժգոհություն՝ 33 տոկոսը, իսկ 11 տոկոսը չի տվել հստակ պատասխան։

Ոստիկանության գործունեությունը դրական է գնահատվել 54 տոկոսի, դժգոհություն հայտնել է 41 տոկոսը, ևս 4 տոկոսը՝ հրաժարվել է պատասխանել։

Զինված ուժերի ղեկավարության աշխատանքից գոհունակություն է հայտնել 48 տոկոսը, 44 տոկոսը դժգոհ է, իսկ 8 տոկոսը՝ չեզոք կամ անորոշ պատասխան է տվել։

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունից գոհ է հարցվածների 52 տոկոսը, դժգոհ՝ 42 տոկոսը, իսկ 7 տոկոսը՝ հրաժարվել է պատասխան տալ։

Ազգային անվտանգության ծառայության աշխատանքին աջակցություն է հայտնել 46 տոկոսը, դժգոհ է եղել 42 տոկոսը, 11 տոկոսն էլ ընտրություն կատարել չի կարողացել։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է գտնվել 44 տոկոսը, դժգոհություն հայտնել է 41 տոկոսը, իսկ 15 տոկոսը պատասխան չի տվել։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքից գոհունակություն է հայտնել հարցվածների 38 տոկոսը, 58 տոկոսը դժգոհ է գտնվել, և 4 տոկոսը՝ չեզոք է մնացել։

Նախարարությունների աշխատանքից բավարարված են եղել հարցման մասնակիցների 38 տոկոսը, 53 տոկոսը դժգոհություն է հայտնել, և 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքին աջակցություն է հայտնել 35 տոկոսը, դժգոհություն՝ 55 տոկոսը, իսկ 9 տոկոսը չի տվել պատասխան։

Դատախազության գործունեությանը դրական է արձագանքել 35 տոկոսը, 47 տոկոսը դժգոհ է գտնվել, իսկ 18 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է կարծիք հայտնել։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքից գոհ է գտնվել հարցվածների 33 տոկոսը, դժգոհ է եղել 65 տոկոսը, 2 տոկոսը՝ հրաժարվել է պատասխանել։

Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատանքին գոհունակություն է հայտնել 32 տոկոսը, 53 տոկոսը դժգոհություն է արտահայտել, իսկ 17 տոկոսը՝ պատասխան չի տվել։

Դատարանների գործունեությունից գոհ է գտնվել 31 տոկոսը, դժգոհ է եղել 52 տոկոսը, 16 տոկոսը՝ հրաժարվել է պատասխանել։

Ազգային ժողովի աշխատանքը դրական է գնահատվել հարցվածների 24 տոկոսի կողմից, մինչդեռ 72 տոկոսը դժգոհություն է հայտնել, և 4 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխան տալ։

Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ը՝ հեռախոսային ձևաչափով։ Ուսումնասիրության շրջանակում հարցվել է 1505 մարդ՝ ներառյալ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ Նշվում է, որ սխալի հնարավորությունը ամբողջ ընտրանքի մասով չի գերազանցում ±2.5 տոկոսային կետը։