AM
23 Հուլիս 2025 - 07:14 AMT

Մկրտչյանը՝ Տեր-Պետրոսյանին․ «Լևոն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր…»

Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ-ական Արեն Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի մասին։ Դիմելով առաջաին նախագահին՝ նա գրել է՝ «Լևոն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր…»։

«Լևոն Տեր-Պետրոսյան, քո աջակիցների կողմից կազմակերպված հզոր հանրահավաքը 2008-ի մարտի 1-ին նույն կերպ աչքի է ընկել։ Այդ հավաքին մասնակցած մարդկանց դու, կրակոցների ֆոնին, մենակ ես թողել ու հեռացել՝ գնալով տուն, որտեղ գտնվել ես տնային կալանքի տակ։ Այդ կալանքից, ըստ օրենքի, հնարավոր էր հրաժարվել՝ պարզապես ստորագրելով համապատասխան փաստաթուղթ։ Քո համակիրներն այն ժամանակ ասում էին՝ «բա նախագահի անվտանգությու՞նը», իսկ ես հակադարձում էի՝ «բա ո՞նց լինեին Երևանի կենտրոնում սառած 10 մարմինները»։

Դու չէ՞ր ասում՝ «ամենավատ իշխանությունը որոշումներ չկայացնող իշխանությունն է»։ Այդ դեպքում ինչո՞ւ 1998 թվականի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրիր՝ ասելով. «Պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել»։ Այդ պահին որոշում կայացնեիր ու հրաժարականի փոխարեն գնայիր առաջ՝ թողնելով ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն և արժանապատիվ հաշտություն իմ սերնդին։

Հնարավո՞ր է, որ դրա համար անհրաժեշտ էր հասարակական աջակցության հզոր ալիք։ Բայց գուցե այդ աջակցությունը չկար, քանի որ դու լեգիտիմ չէիր. 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել էին, դրանից էլ առաջացել էր իշխանության հիմքի խաթարումը։

Լևոն, Նիկոլ Փաշինյանը մեր՝ ինձ և նմանատիպ շատերի պայքարի առաջնորդն է եղել՝ այն հասցնելով հաղթանակի 2018 թվականին՝ զոհաբերելով ինքն իրեն և իր ընտանիքը՝ չհրաժարվելով պայքարից ու չփախչելով տուն։ Նիկոլ Փաշինյանը քո և Ղարաբաղից բերված «երկու նվերների» հետևանքով թողած պարտված պատերազմի ֆոնին հրաժարական է տվել, ապա վերընտրվել՝ այդ ամենի պայմաններում անգամ չկեղծելով ընտրությունները։

Լևոն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր…»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադարձ է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին Վաղարշապատի կենտրոնում, կարծիք է հայտնել, որ այն պետք է չեղարկվի։

Նա նշել է, որ ցնցումներ սովորաբար ընդդիմադիրներն են հրահրում, «ՀՀ–ում հակառակն է՝ Փաշինյանն է թեժացնում վիճակը» և կոչ արել ազատ արձակել «քաղբանտարկյալներին, առաջին հերթին, Բագրատ և Միքայել սրբազաններին և Սամվել Կարապետյանին»։