Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
Արբիտրաժն արձանագրել է, որ անհրաժեշտ է անհապաղ կիրառել ապահովման միջոցներ, քանի որ ՀՀ գործողությունները լուրջ կասկածներ են հարուցում Հայաստանի և Կիպրոսի միջև գործող ներդրումների պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու հարցում։ Արբիտրաժն ընդգծել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։
Այս արտակարգ արբիտրաժային որոշումը ենթակա է պարտադիր կատարման Հայաստանի կառավարության կողմից։
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքերը 9 մլն դրամի չափով արգելանքի տակ են։ Դա այն գումարն է, որը Սամվել Կարապետյանը պահանջում է Թորոսյանից նրա «զրպարտչական, վիրավորական բնույթի» արտահայտությունների համար։Կարապետյանի հայցապահանջի շրջանակներում կալանք է դրվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գույքի վրա՝ կրկին 9 մլն դրամի չափով։ Կուսակցության գույքի վրա արգելանք է դրվել, քանի որ Թորոսյանը համարվում է կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։






