«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՔԿՀ–ից իր ուղերձում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է իրեն հաղթել, մյուսին հաղթել, «բայց Եկեղեցուն չի հաղթելու, չի կարող հաղթել»։
«Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա։Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել»,–գրել է նա։
Մեկ այլ գրառման մեջ նա անդրադարձել է այն հանգամանքին, որ քահանայական ձեռնադրության 30-րդ տարեդարձն անցկացնում է կալանավայրում, ինչն «ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել»։
«Այսօր լրացավ քահանայական ձեռնադրությանս 30-րդ տարեդարձը… «ազատ ու անկախ» Հայաստանի կալանավայրերից մեկում։ Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ կհասնեմ այս հանգրվանին։ Սակայն, մյուս կողմից էլ ներկայիս աղետի՝ բոլոր առումներով աղետի պայմաններում, չէի էլ կարող պատկերացնել այլ վայրում գտնվելս։ Դեռ 1988թ.-ից 17-ամյա երիտասարդ լինելով պայքարել ու կռվել եմ ազատ, անկախ, ինքնիշխան, իր ազատագրված Արցախով՝ մեծ և հզոր, ազգերի շարքին վեհորեն քայլող Հայաստանիս համար։
1995թ.-ին Սուրբ Էջմիածնի Սուրբ Սեղանի առջև օծվելով ՊԱԿ-ի բանտերում նահատակված Բագրատ արք. Վարդազարյանի անունով՝ ուխտեցի ծառայել Աստծո փառքի և իմ համբուրելի ժողովրդի շահի համար, ում սիրել եմ իմ կյանքից առավել»,–գրել է նա։
Սրբազանը նշել է, որ «ճշմարտությունը բռնաբարված է, արդարությունը՝ կողոպտված, սերը՝ քայքայված, հավատքը՝ խոցված, հույսը՝ բեկված»։
«Այս բոլորով հանդերձ չի մեռել մեր կամքը, անսասան հավատքը, չեն կարող սպանել մեր ձգտումներն, իղձերն ու երազները կերտելու և վերածնելու, ապաքինելու և վերստին կենսավորելու մեր Մոր՝ Մայր Հայաստանի կյանքն ու ընթացքը, և որ մեր կյանքից անպայման ու անխուսափելիորեն «կհալչի մեղքը, կհալածվեն դևերը, կջնջվեն հանցանքները, կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կբժշկվեն հարվածները, կվերանա ապականությունը, կչքանա տխրությունը, կփախնի խավարը, կմեկնի մեգը, կմերժվի մառախուղը, կփարատվի մռայլությունը, կվերանա մութը, կգնա գիշերը, կցրվի տագնապը, կչքանա չարիքը, կհալածվի հուսահատությունը… կթագավորի Աստծո ամենակարող ձեռքը»։
Փառք քեզ Տեր ամեն բանի համար, որովհետև ես հաշտ եմ իմ հայրերի և եղբայրների ու քրոջս հետ լինել կալանքի և խաչի ճանապարհում և մնալ Քեզ հետ, քան ուրացողների հետ բաժին ունենալ։
Քեզ եմ հանձնել իմ անձը ու չեմ զղջացել՝ Աստված իմ և Թագավոր իմ, Կյանք իմ և Ապավեն իմ, Հույս իմ և Վստահություն իմ՝ Հիսուս Քրիստոս Աստվածդ ամենքի։
Այո՛, ես անսակարկ և անհողդողդ հավատում եմ և ապրում եմ Հոգևոր Հայաստանի, Տաճարի և Եռագույնի Հաղթանակով։ Եվ այդ Հաղթանակն այլընտրանք չունի…»,–ասվում է ուղերձում։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






