AM
23 Հուլիս 2025 - 08:24 AMT

Ավանեսյան․ Նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում դատի էր տվել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին։

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս:

Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը:

Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է: Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի:

Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,–ասվում է գրառման մեջ:

Հրապարակման մեջ նշված են նաև նախաձեռնությանն աջակցող այլ անձինք՝ Արամ Սարգսյան, Հարություն Մկրտչյան։

Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր հասցեին վիրավորանք և զրպարտություն հասցնելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը։

Բագրատ սրբազանը Վահագն Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։