Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի առթիվ՝ շեշտելով միջպետական համագործակցության ու խաղաղարար ջանքերի կարևորությունը։
Նա նշել է, որ Հայաստանն աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,–ասվում է ուղերձում։






