50-ամյա Մհեր Ենոքյանն, ով դատապարտված է եղել ցմահ ազատազրկման սպանության համար, ազատ է արձակվել 29 տարվա բանտարկությունից հետո: Այդ մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Եղել է դատարանի որոշում, և նա պայմանական–վաղաժամկետ ազատ է արձակվել»,– նշել է Մելքումյանը։
Ենոքյանը բանտում անցկացրել է գրեթե երեք տասնամյակ՝ սպանության մեղադրանքով, որն առաջադրվել է նրա համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով: 1996 թվականի նոյեմբերի 29-ին, երբ Ենոքյանը եղել է 21 տարեկան, նրան դատապարտել են մահապատժի:
Իոսիֆ Աղաջանովը սպանվել է 1996 թվականին։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել էին որպես համախոհներ։ Հարությունյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որ 2003 թ. Հայաստանում մահապատժի վերանալուց հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 2022 թվականից նա պատիժը կրում է բաց ռեժիմով։
Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար, վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին ասում է` մարդ ենք սպանել, հետո նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։






