AM
23 Հուլիս 2025 - 10:29 AMT

Իրավաբան․ Եթե դատարանը տարբերակի խմբային հայցը ժողովրդական՝ actio popularis–ից, հայցադիմումը չի ընդունվի

Մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որոշել են Բագրատ սրբազանի հայցին պատասխանել խմբային հայցով՝ նրան մեղադրելով ժողովրդի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար։

Իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե դատարանը կարողանա տարբերակել խմբային հայցը ժողովրդական հայցից (actio popularis), ապա այն մերժելու է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ գործը չի համարվում քննության ենթակա քաղաքացիական դատավարության կարգով՝ ըստ ՔԴՕ 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի։

«ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարություններում ժողովրդական հայցի (actio popularis) ինստիտուտ նախատեսված չէ, ուստի նման գործերը քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա չեն։ ՀՀ վարչական դատավարությունում շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ գործերով actio popularis-ի կիրառման հնարավորություն նախատեսված է (տե՛ս ՀՀ ՍԴ 07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշումը)։

Տարիներ առաջ ես և Արտակ Ղազարյանն առաջարկել ենք ՀՀ քրեական դատավարությունում որոշ գործերով ներդնել actio popularis ինստիտուտը (տե՛ս «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն (մինչդատական վարույթ)». Մաս 2, Երևան, Տիգրան Մեծ, 2017, էջ 371-372, 450-452; Ղազարյան Ա.Ա., Ժողովրդական մեղադրանքը (actio popularis) և դրա ներդրման հեռանկարները հայկական քրեական դատավարությունում։ Երևան, ԹԱՍԿ, 2020)։

Actio popularis-ը և խմբային հայցը ներկայացնում են տարբեր իրավական ինստիտուտներ՝ խորապես տարբեր բնույթով, որոնց վերաբերյալ առկա են բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ։ Պարզապես նշենք, որ խմբային հայցի դեպքում հայցվորը պետք է կազմված լինի որոշակիացված անձանց խմբից, որոնք պետք է տուժած լինեն պատասխանողի գործողություններից (օրինակ՝ սպառողների որևէ խումբ), մինչդեռ Բագրատ Սրբազանի արտահայտությունը չի ուղղվել որևէ հստակ անհատին։ Այս իրավիճակում խմբային հայցի մեխանիզմը գործի է դրվում ոչ թե անձնական իրավունքների պաշտպանման, այլ օրենսդրությամբ չնախատեսված ժողովրդական հայցի քողի ներքո՝ հասարակական կարծիքի վրա ազդեցություն գործելու և Սրբազանի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով, ինչը քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից կարող է արդյունավետ գործիք լինել՝ անկախ դատական գործընթացի վերջնական ելքից։

Իրավաբանը հիշեցրել է նաև, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ունեցել է հնարավորություններ ՀՀ վարչապետի՝ որպես պետական պաշտոնյայի, կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացված մի շարք հակաօրինական գործողությունների դեմ հայց ներկայացնելու՝ վարչական դատավարության ընթացակարգով, այդ կերպ նաև հանրային հարթակում դրանց ապօրինությունը մատնանշելու նպատակով (ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էր գործի դնել հմտորեն մշակված տեխնոլոգիական մոտեցումներ)։ Սակայն, ըստ երևույթին, այդ ճանապարհը դիտարկվել է որպես անարդյունավետ՝ դատական հեռանկար չունենալու պատճառով։

«Կրկին գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակում ստանդարտ իրավաբանության հետ։ Սա ցույց է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողությունը, իրավաքաղաքական երևույթների վերաբերյալ գիտելիքների (պատկերացումների) պակասը և պատասխանատվությունից խուսափելու ձգտումը»,- գրել է Ղամբարյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում դատի էր տվել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին։ Գալստանյանը դատական հայց է ներկայացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր հասցեին վիրավորանք և զրպարտություն հասցնելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը։

Բագրատ սրբազանը Վահագն Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։