«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
ՀԷՑ–ի իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը, կարծիք է հայտնել, որ ըստ այդմ ՀԷՑ–ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են, հայտնում է Factor.am-ը։
«Դատարանը զգուշացնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ որոշումը կատարելուց, մասնավորապես, օրենքից բխող բոլոր գործողությունները՝ վարույթի հարուցում, կառավարչի նշանակում և այլն։ Պարտավորեցնում են ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց։ Նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ այս որոշումից հետո»,–ասել է նա։
Դավիթ Ղազինյանն ասել է, որ դիմել է դատարան իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։
«Փաստաբաններն արդեն դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,-ասել է նա։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






