AM
23 Հուլիս 2025 - 11:31 AMT

Ցմահ դատապարտյալ Ենոքյանի ազատ արձակման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Դատախազությունից հայտնել են, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել, հայտնում է 1lurer.am-ը։

Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:

Իոսիֆ Աղաջանովը սպանվել է 1996 թվականին։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել էին որպես հանցակիցներ։ Հարությունյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որ 2003 թ. Հայաստանում մահապատժի վերանալուց հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 2022 թվականից նա պատիժը կրում է բաց ռեժիմով։