«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը դատարան է ներկայացրել 11 քաղաքացիական հայց՝ զրպարտության ու վիրավորանքի հիմքով, որոնցից 8-ն արդեն ընդունվել է վարույթ։
Պաշտպանական թիմի անդամ Վարդան Ալոյանը տեղեկացրել է, որ որոշ գործեր դեռ պետք է ուսումնասիրվեն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մի շարք դեպքերում դատարանը 9 մլն դրամի չափով կալանք է դրել գույքի վրա, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի և բլոգերներից մեկի նկատմամբ»,–ասել է նա։
Տարբեր հրապարակումների համաձայն՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանի, ինչպես նաև քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։
Ալոյանը հավելել է, որ հայցվորի պահանջներն են՝ հրապարակային ներողություն կամ հայտարարությունների հերքում՝ արված թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ սոցիալական ցանցերում։ Բացի այդ, «Տաշիր» խմբի կողմից վարչական հայց է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի դեմ։
Հունիսի 17-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Սամվել Կարապետյանի տանը։ Այդ գործողությունը հաջորդել է գործարարի հրապարակային աջակցությանը Հայ առաքելական եկեղեցուն, երբ նա դատապարտել է որոշ շրջանակների գործողությունները՝ նշելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գործարարի հասցեին վիրավորական և սպառնալի արտահայտություններ է հրապարակել։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն հիմքով, որ զանգվածային լրատվամիջոցով հարցազրույցի ընթացքում նա հանդես է եկել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ»-ով։ Հունիսի 18-ին գործարարը կալանավորվել է 2 ամսով և ներկայում պահվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում։
Պաշտպանական խումբը ներկայացված մեղադրանքներն անհիմն է որակել, իսկ կալանքը՝ անօրինական։ Հուլիսի 4-ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով իր նախաձեռնությամբ նոր քաղաքական ուժ ձևավորելու մտադրության մասին։






