ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման դեպքերի քննության բաժնում ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը, որը վերաբերում է Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու փաստին։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 11-ին, երբ քաղաքացին վարել է մեքենան ոչ սթափ վիճակում, Պարեկային ծառայության աշխատակիցները իրականացրել են համապատասխան վարչարարություն։ Այդ ընթացքում մեքենայի ուղևորը դուրս է եկել և մոտենալով նրանց՝ միջամտել է ընթացող գործողություններին՝ հորդորելով վարորդին վերադառնալ մեքենա։
Պարեկներից երկուսը պահանջել են դադարեցնել միջամտությունը, սակայն քաղաքացին չի ենթարկվել նրանց օրինական հրահանգին՝ շարունակելով խանգարել պաշտոնական գործողությունների ընթացքը։
Նրանք քաղաքացուն ենթարկել են վարչական ձերբակալման և տեղափոխել ոստիկանության բաժին։ Այնտեղ պարեկներից մեկը, գործընկերոջ ներկայությամբ, քաղաքացու հանդեպ դրսևորել է անօրինական վարքագիծ և նրան մի քանի անգամ հարվածել է բռունցքով կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։
Մյուս պարեկը ոչ միայն չի կանխել բռնության կիրառումը, այլև չի ձեռնարկել որևէ քայլ այն կանխելու կամ համապատասխան ընթացք տալու ուղղությամբ, ինչի արդյունքում դեպքը չի գրանցվել։
Պարեկներից մեկի նկատմամբ իրականացվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում կամ անցում)։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որը հաստատել է հսկող դատախազը, երկու աշխատակիցներն ազատվել են իրենց պաշտոններից։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և ըստ էության քննության նպատակով դատարան փոխանցելու առաջարկությամբ։






