Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, մեկնաբանելով ՀԷՑ-ը պետականացնելու գործով Հայաստանի կառավարության պարտությունը միջազգային արբիտրաժում, նշել է, որ առայժմ չի տեսել համապատասխան ակտը և չի կարող ամբողջությամբ մեկնաբանել, հայտնում է «Փաստինֆոն»։
«Միակ բանը որ ես գիտեմ հետևյալն է. բանից պարզվում է, որ Սամվել Կարապետյանը՝ հայ բարերարը, Կիպրոսի քաղաքացի է, լո՞ւրջ եք ասում։ Նա որպես Կիպրոսի քաղաքացի ՀՀ-ի դեմ հայց ներկայացրել։ Այսքանը միայն կարող եմ այս պահին որպես եզրակացություն ու հռետորական հարց հնչեցնել, մնացածը կարող եմ կարդալուց հետո մեկնաբանել», – ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը ՀՀ–ին պարտադրել է դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ վերջերս ընդունված օրենսդրության կիրառումը։ Խոսքը վերաբերում է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթներին, ինչպես նաև ՀԷՑ-ի պետականացման հետագա քայլերին։
Արբիտրաժը հանգել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է անհետաձգելի միջոցների կիրառություն՝ քանի որ ՀՀ գործողությունները կասկածներ են առաջացրել Հայաստանի և Կիպրոսի միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու վերաբերյալ։
Բացի այդ, որոշման մեջ նշվել է, որ եթե հայցվորներն իսկապես կորցնեն վերահսկողությունը ընկերության նկատմամբ կամ այլևս չլինեն դրա սեփականատերը, ապա «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում» նրանք դժվար թե կարողանան հասնել վնասի լիարժեք հատուցման։
Արտակարգ արբիտրաժի այս որոշումը ՀՀ կառավարության համար ենթակա է պարտադիր կատարման։
Վիճահարույց օրենքի նախագծի հեղինակներից մեկն էլ հենց Վլադիմիր Վարդանյանն է։






