AM
23 Հուլիս 2025 - 13:12 AMT

Գալստանյանի գործով կալանավորված է 18 մարդ

«Սրբազան պայքարի» առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվածների թիվն այս պահի դրությամբ 18 է։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։

«Ահաբեկչության և իշխանությունը յուրացնելը նախապատրաստելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այս պահի դրությամբ 18 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասել է Ավդալյանը։

Գալստանյանն ու նրա համախոհները չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները։

Հունիսի 25-ին, իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան շարժման» ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակության վայրում, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների տներում, ինչից հետո տեղի են ունեցել ձերբակալություններ։ Գալստանյանն ու մի շարք այլ անձինք կալանավորվել են։ Քննչական կոմիտեն հաղորդագրության համաձայն, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչություն և իշխանության զավթում նախապատրաստելու մեղադրանքով։