Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։
Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։
«Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է, մեր Եկեղեցին, և եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։
Որովհետեւ դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային–բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»–ը, դարձնել միջին վիճակագրական ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած և նախնիների կողմից ավանդված ստանդարտը չի պահում։
Ընդ որում, սա ապապետության հետևանք է․ կայսրությունները քաջալերել են «ուխտագրի ստանդարտից» շեղումը, որպեսզի դա լծակ դարձրած կառավարելի պահեն Հայ Առաքելական Եկեղեցին եւ այդպիսով արգելակեն մեր ժոովրդի վերելքը։
Այս իմաստով մեր խնդիրը չի կարող լինել Կտրիճ Ներսիսյանին կուսակրոնության ուխտը խախտած մեկ այլ քահանայով փոխարինելը, որովհետև դա կլինի քաղաքական խարդավանք և ոչ թե հոգևոր նորոգման օրակարգ։
Հասկանում եմ, որ սրանով խնդիրը բարդացնում եմ, բայց խարդավանքը մեր նպատակը չի եղել, չի և չի լինելու։
Հետևւաբար առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։
Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ և բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, և նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)»,–գրել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։
«Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որեւէ ձեւաչափով։
Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որևէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որևէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որևէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․
ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետև
բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;
դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;
ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;
զ) ամեն օր աղոթող լինեն;
է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։
Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։
Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։
Հասկանում եմ նաև, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձևավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգևոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):
Հ․Գ․ Նորոգման օրակարգը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու եւ չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաեւ շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական եւ հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգեւոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»,–ասվում է գրառման մեջ։






