Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) վճռի կատարումը կարող է զարգանալ 2 սցենարով:
Նա նշել է, որ առաջին սցենարը իրավական ճանապարհն է, որի դեպքում պետք է առաջնորդվել այն փաստով, որ միջազգային դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հետևաբար, վճռի առկայության պարագայում պետք է գնան ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն և իրականացնեն կառավարչի փոփոխություն, որպեսզի ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը հենց այսօրվանից սկսած»,– ասել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ մյուս սցենարը կարող է իշխանությունների կողմից ուժային մեթոդների կիրառումն լինել։
«Այսինքն՝ զուտ ուժային կամ նիկոլփաշինյանական ձևաչափով առաջնորդվելը։ Հնարավոր է, որ դեռևս որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտներ ստեղծեն։ Իհարկե, այդ խոչընդոտներն էլ ենթակա են իրավական պատժի և գնահատականի»,– հավելել է Աուդիտորների պալատի նախագահը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը հայտնել է՝ նա հաղթել է ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային հրատապ գործը։ Պաշտոնական Երևանի արձագանքել է՝ նշվելով, որ Հայաստանը պարտավոր է հետևել ինչպես ներքին օրենսդրությանը, այնպես էլ միջազգային պայմանավորվածություններին, որոնք կարգավորում են արբիտրաժային որոշումների ճանաչման և կիրառման կարգը։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն նոր ժամանակավոր կառավարիչ էր նշանակել՝ կառավարության կողմից վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Միաժամանակ հանձնաժողովը վարույթ է սկսել ընկերության նկատմամբ՝ կառավարության հաղորդման հիման վրա։






