Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի գործով կայացրած հայցի ապահովման որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է զերծ մնա այն գործողություններից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի գործունեությանը միջամտելուն, այդ թվում՝ կառավարման գործընթացին մասնակցելուն։ Այս մասին ասել է միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը՝ շեշտելով, որ այդպիսի քայլերով խախտվում են ներդրողի իրավունքները, հայտնում է Aysor.am-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս որոշումը ենթադրում է կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետկանչ՝ նա արձագանքել է. «Արբիտրաժային որոշման մեջ հստակ գրաված է, որ պետք է ձեռնպահ մնա միջամտություններ կատարելուց, այդ թվում՝ կառավարման»։
Քննարկելով կառավարության արձագանքը՝ այն է՝ «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»՝ Սիմոնյանն նշել է, որ հենց այդ միջազգային պայմանագրի հիման վրա է կայացվել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, և այն ՀՀ օրենսդրության անբաժանելի մասն է։ Նրա խոսքով՝ կառավարությունը պարտավոր է հարգել սեփական օրենսդրությունը։
«Մեր կառավարությունն իրավական գրագիտության տեսանկյունից բավական խոցելի է, չգիտեմ՝ ինչպես են մեկնաբանում, բայց դա իրավունքի հետ որևէ կապ չունի»,-ասել է Սիմոնյանը։
Մասնագետը պատասխանել է նաև հարցին, թե ի՞նչ է ենթադրում դատարանի որոշումը չկատարելը։
«Հայաստանը միջազգային հանրության մաս է, կանոններ կան, որոնց միացել է ՀՀ-ն և որի հիման վրա ներդրումներ է բերում Հայաստանի Հանրապետություն, տնտեսություն է փորձում զարգացնել և հրաժարվելով դատարանի վճիռը կատարել՝ Հայաստանը դադարում է այդ կանոններին ենթարկվել։ Արդյունքում ստացվում է, որ նրանք, ովքեր երբևէ կցանկանան ՀՀ-ում ներդրում անել՝ չեն կատարի, կամ, օրինակ՝ Համաշխարահային բանկը ներդրումների հետ կապված ֆինանսներ է տրամադրում, չի կատարի և, բնականաբար, ՀՀ-ի վարկանիշը կընկնի, որևէ ներդրող չի ցանկանա այստեղ ներդրում անել»,–ասել է նա։
Սիմոնյանն ընդգծել է նաև, որ այս փուլում Հայաստանը չունի որևէ իրավական հնարավորություն վիճարկելու դատարանի որոշումը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք պետությունը չի կանխատեսել այս զարգացումները, Սիմոնյանը պատասխանել է. «Այո, ինչպես ասացի, մեր կառավարությունը իրավական տեսանկյունից շատ խոցելի քայլեր է կատարում՝ առանց հաշվի առնելու միջազգային, այդ թվում նաև սահմանադրական պարտավորությունները։ Դրա համար մի զարմացեք, մի կառավարություն, որ Սահմանդրությունը խախտելով Սահմանադրություն է ընդունում, կամ այլ իրավախախտումներ է կատարում, կամ մարդկանց առանց որևէ հանցակազմի ձերբակալում է․․․, դրանից ինչ սպասենք»։
Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարության դեմ Ստոկհոլմյան արբիտրաժում՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով։ Դրան ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։






