Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հայտնել են, որ նրա նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունն ավարտ է հայտարարվել։
«Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ ծանուցումն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:
Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում:
Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան:
Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»,- հայտնել է Աջապահյանի պաշտպանական թիմը։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։






