ԱՄՆ-ում արդեն ավելի քան հինգ ամիս կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանը, ում նաև ճանաչում են «Դոգ» մականունով, Հենդերսոնի մեկուսարանից ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ժողովրդին մասնակից չդարձնել իր «հանցագործությանը» և չտանել բախումների:
Հուլիսի 20-ին վարչապետ Փաշինյանը, շարունակելով Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու իր նախաձեռնության մասին խոսքը, Ֆեյսբուքի հրապարակմամբ նշել էր. «Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Նա հորդորել է իր կողմնակիցներին չմիանալ Էջմիածնի հրապարակում Փաշինյանի հայտարարած հավաքին, գրում է «Ազատությունը»։
ԴՕԿ կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ Փաշինյանը ժողովրդին տանում է բախման:
«Ես համոզված եմ, որ որոշակի աղանդավորականներ, որոշակի թրքահպատակ, անհավատ, սատանիզմով տառապող անձինք կգան Էջմիածին, և դա բերելու է բախումների: Հորդորում եմ՝ սիրելի ժողովուրդ, զերծ մնացեք այդ […] նախաձեռնած էդ հանցավոր միջոցառումից»,-ասել է նա:
Հայտնի իր հայհոյախառն լեզվով Վարդան Ղուկասյանը այս անգամ ներկայացել է որպես հավատացյալ և քաղաքացիներին հորդորել է նախ մտածել՝ Փաշինյանի նախաձեռնությանը մասնակցելը ինչ հետևանքներ կարող է ունենալ: Նա զգուշացրել է նաև «երկնային գրասենյակի անեծքից»՝ շեշտելով, որ նույնիսկ ինքն իրեն թույլ չէր տա մտնել նման տարածք ու պղծել այն։
«Մտածեք ձեր ապագայի մասին, մտածեք ձեր սերունդների մասին, մտածեք՝ ինչ պատասխան եք դուք տալու վաղը ձեր զավակներին, և, վերջիվերջո, դուք հավատացյալ ժողովուրդ եք, եթե իրոք հավատացյալ եք, վախեցեք երկնային գրասենյակի՛ անեծքից: Չի կարելի գալ մտնել մի տարածք, որը որ հավիտյանս հավիտենից համարվում ա հավատացյալ ժողովրդի համար Աստծո ոտքը դրված վայր, իջել է Միածին՝ Էջմիածին, և պղծել հիմա ըտեղ, կներեք, անգամ ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ», – հայտարարել է ԴՕԿ կուսակցության առաջնորդը:
Ձայնագրության ընթացքում Վարդան Ղուկասյանը նշել է, որ Կաթողիկոսի նկատմամբ իր վերաբերմունքը նույնպես բացասական է՝ Հայաստանում աղանդավոր շարժումների աճի համար նրան մեղավոր համարելով, սակայն միաժամանակ ընդգծել է՝ Փաշինյանը նման հարցերը պետք է լուծի առանց ժողովրդին ներքաշելու։ Նրա խոսքով, անգամ Խորհրդային Միության տարիներին կոմունիստները չէին ստիպում ժողովրդին պայքարել եկեղեցու դեմ։
Բացի այդ, Հենդերսոնի մեկուսարանից նա ևս մեկ ուղերձ է հղել եկեղեցականներին՝ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին, կոչ անելով հետևել Նիժնի Նովգորոդի հոգևոր առաջնորդ Սեբեոս քահանա Ղալաչյանի օրինակը և հայտարարություն անել, որ ՔՊ-ի ներկայացուցիչների համար այլևս մկրտություն, պսակադրություն կամ հոգեհանգստի կարգ չեն իրականացնի։
Օրերս Սեբեոս քահանան արգելել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանին հանդես գալ որպես կնքահայր՝ հիմնվելով նրա՝ Վեհափառի վերաբերյալ բարձրաձայնած հայտարարությունների վրա։
Ամիսներ շարունակ ուղիղ եթերներով հանդես չեկող, իսկ քաղաքական թեմաներին ԱՄՆ-ի մեկուսարանից ձայնագրություններով արձագանքող ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է դեռ փետրվարին՝ ԱՄՆ Միգրացիոն ծառայության կողմից։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ Ղուկասյանն ապօրինաբար է մնացել երկրում՝ չլքելով այն սահմանված ժամկետում։






