AM
23 Հուլիս 2025 - 15:09 AMT

Տեր-Պետրոսյանը կոչ է արել Փաշինյանին չեղարկել Վաղարշապատի հանրահավաքը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով չեղարկել Վաղարշապատի հանրահավաքը։

Նա նաև հորդորել է անհապաղ ազատ արձակել «քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին»։

«Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը

Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։

Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսևորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։