AM
24 Հուլիս 2025 - 06:25 AMT

Պետրոսյան․ Արբիտրաժային որոշումը դեռ պետք է ճանաչվի ՀՀ Առաջին ատյանի դատարանի կողմից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշմանն, ասել է, որ այն դեռ պետք է ճանաչվի ՀՀ Առաջին ատյանի դատարանի կողմից՝ ներպետական դատական գործընթաց պետք է մեկնարկի, հայտնում է 24news.am–ը։

Նա նշել է, որ նման ընթացակարգ է նախատեսված ՀՀ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով, այսինքն հայցորդները պետք է դիմեն Առաջին ատյանի դատարան, որոշումը դատարանը ճանաչի, կատարողական թերթիկ տա, վարույթ հարուցի, դատական վճռով, որից հետո նոր դա դատական կատարման վճիռ կդառնա։

«Այսինքն ներպետական դատական գործընթաց պետք է մեկնարկի, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը՝ ի դեմս լիազոր մարմնի, պետք է ներկայացնի այն բոլոր հիմնավորումները, թե ինչու է հաղորդում ներկայացրել ՀԾԿՀ և ամբողջ ընթացակարգը՝ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը և ժամանակավոր կառավարչի լիազորությունների իրացման առաջնահերթությունները։ Դա պիտի հիմնավորվի դատարանում»,- ասել է Պետրոսյանը։

Նա շեշտել է, որ դատական վճիռ ստանալուց հետո միայն կարելի կլինի խոսել գործի ավարտի, շահելու կամ պարտվելու մասին։

Գործարար Սամվել Կարապետյանի իրավապաշտպան թիմը տեղեկացրել է, որ նա հաղթել է ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային հրատապ գործով։ Կառավարությունը արձագանքել է միջազգային որոշմանը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն նաև Հայաստանի օրենսդրությամբ ու միջազգային պայմանագրերով, որոնք կարգավորում են նման որոշումների ճանաչման և կիրառման ընթացակարգերը։