Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կատարել ՀԷՑ–ին առնչվող Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշումը, հայտնում է Panorama.am-ը։
«Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը։ Այնտեղ դատավորները չեն հետաքրքրվում Ֆեյսբուքի գրառումներով։ Եվ ի տարբերություն Արմեն Դանիելյանի և ձեր հրամանները կատարող այլ դատավորների, Ստոկհոլմում դատավորներին հրաման չեն տալիս»,-հավելել է նա։
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






