AM
24 Հուլիս 2025 - 06:49 AMT

Մարուքյան․ Միքայել սրբազանի խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի ընթացքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի։

Ըստ նրա՝ քանի որ նախաքննությունը ավարտված է՝ Միքայել սրբազանին կալանքի տակ պահելու «բոլոր արհեստական հիմքերը կարելի է սպառված համարել»։

«Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունն ավարտվել է։

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

Եվ քանի որ նախաքննությունը ավարտված է՝ Միքայել սրբազանին կալանքի տակ պահելու բոլոր արհեստական հիմքերը կարելի է սպառված համարել։ Եթե մինչ այդ ապօրինի արհեստական հիմքերով կալանքի տակ էին պահում, այս հաղորդագրությունից հետո անգամ այդ արհեստական հիմքերն են հօդս ցնդում:

Հետևաբար, նրա խափանման միջոցը պետք է անհապաղ փոփոխվի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է անմիջապես ազատ արձակվի և շարունակի իր հոգևոր ծառայությունն իրականացնել՝ ազատության մեջ մասնակցելով դատական նիստերին։

Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած նրան կալանքի տակ պահելը 200 %-ով է ապօրինի։ Առակս ինչ կցուցանե. Միքայել սրբազանին պետք է արագ ազատ արձակել»,–գրել է նա։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։