AM
24 Հուլիս 2025 - 07:33 AMT

Հայտնաբերվել են Ամուրում ռադարներից անհետացած Ան‑24–ի բեկորները․ Ինքնաթիռում 49 մարդ է եղել

Հուլիսի 24–ին ՌԴ Ամուրի մարզում, ռադարներից անհետացել է Ան‑24 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Խաբարովսկ–Բլագովեցչենսկ–Տինդա երթուղով։

Ան‑24–ը պատրաստվում էր վայրէջքի, սակայն, չի կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից և գնացել է երկրորդ պտույտի, այնուհետև անջատվել է կապը։ Ինքնաթիռում 49 մարդ է եղել, հայտնել է Meduza-ն։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոնման ժամանակ փրկարարները հայտնաբերել են անհետացած Ան‑24 ինքնաթիռի բեկորները, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռոսավիացիայի Մի-8 ուղղաթիռը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է ինքնաթիռի ֆյուզելյաժը, առկա է բռնկում։ Փրկարարներն ուղևորվում են դեպքի վայր», — ասված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ ծառայությունները հայտնաբերել են ինքնաթիռը լեռնային լանջին՝ Տինդայից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Տարածքը դժվարանցանելի է։ Նախնական տեղեկություններով՝ ողջ մնացածներ չկան։

«Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը Բլագովեշչենսկից Տինդա է մեկնել տեղական ժամանակով 12:58-ին։ Կապը կորսվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ու անցել է երկրորդ պտույտի։ Ամուրի մարզպետ Վասիլի Օռլովը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 43 ուղևոր՝ որոնցից 5-ը՝ երեխա, և 6 անձնակազմի անդամ։ Վթարի շրջանում եղանակը եղել է անբարենպաստ, ինչի պատճառով թռիչքը ուշացվել է։

Դատախազությունը սկսել է միջադեպի քննությունը, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ ավիացիոն անվտանգության կանոնների խախտման հոդվածով։