Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» նախաձեռնել է մի շարք բաց միջոցառումներ։
Շարժական բուժախտորոշիչ կենտրոնների միջոցով քաղաքացիներին կտրամադրվի անվճար և անանուն հետազոտություն՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի ու C-ի, ինչպես նաև սիֆիլիսի հայտնաբերման համար։ Թեստավորում անցնելու համար պարտադիր չէ քաղցած ներկայանալ, իսկ գործընթացը կուղեկցվի ինչպես նախաթեստային, այնպես էլ հետթեստային խորհրդատվությամբ։
Կենտրոնի շարժական կլինիկաները կտեղակայվեն երեք վայրերում՝ տարբեր օրերի.
- Հուլիսի 28-ին՝ Երևանում, Ազատության հրապարակում, ժամը 14:00-ից 20:00,
- Հուլիսի 29-ին՝ Գյումրիում, Վարդանանց հրապարակում, ժամը 12:30-ից 17:30,
- Հուլիսի 30-ին՝ Վանաձորում, Արցախ պուրակի մոտակայքում, ժամը 12:30-ից 17:30։
Այս նախաձեռնության նպատակն է ապահովել վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը՝ քաղաքացիներին տրամադրելով հասանելի և հարմարավետ բժշկական ծառայություններ։






