Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, անդրադառնալով Եկեղեցու շուրջ գործընթացներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արհեստականորեն հանրային օրակարգ է բերվել մի թեմա, որը տվյալ ժողովրդի բացարձակ մեծամասնության հետաքրքրությունների և անհանգստությունների շրջանակներում առհասարակ չի տեղավորում՝ դրանով շեղելու համար ուշադրությունը երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն և ծայրահեղ վտանգավոր գործընթացներից:
«Ահա, թե ինչ է արվում հենց հիմա: Սակայն, թիրախավորված է մի կառույց, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ամենաուղիղ հետաքրքրությունների շրջանակներում է և անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի:
Խիստ կասկածում եմ, որ այս ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի: Տեսանելի են ականջներ այնպիսի կառույցների, որոնք լրջորեն զբաղվում են էթնիկ հոգեբանությամբ, սոցիալական տրանսֆորմացիաների ուսումնասիրությամբ և այլն: Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են:
Բայց անգամ այս դեպքում, պարզվում է, որ ո՛չ վերը նշածս ականջների տերերը և ո՛չ էլ իրենց գործիք հանդիսացողը չեն ճանաչում Հայ Եկեղեցին ներսից: Թերևս կարող եմ ասել՝ և փառք Աստծո: Հայ Եկեղեցին ճանաչելու համար, պետք է առնվազն լինել այդ Եկեղեցու զավակ ու հոգևոր ներկայություն ունենալ: Իսկ Հայ Եկեղեցու որևէ զավակ, որ ճանաչում է իր Եկեղեցին, երբևէ չի պայքարի իր Եկեղեցու և նրա Գահակալի դեմ:
«Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25)>,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






