Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը գլխավորող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանների միջնորդությունը՝ գործով բողոքը քննարկել բանավոր ընթացքով։ Այդ մասին հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խումբը։
Դատավորը որոշում է կայացրել հուլիսի 24-ի փոխարեն դատական ակտի հրապարակումը կատարել հուլիսի 30-ին, հայտնում է Արմենպրեսը։
Ժամկետի փոփոխությունը նա հիմնավորել է անհրաժեշտ լրացուցիչ ուսումնասիրությամբ, դատարանի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև պաշտպանական կողմին իր դեմ ինքնաբացարկ ներկայացնելու հնարավորության տրամադրմամբ։
Նախկինում հաղորդվել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունը ավարտին է հասել։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող է այցելել կալանավորված սրբազաններ Միքայել Աջապահյանին և Բագրատ Գալստանյանին, հայտնում է Radar Armenia-ն։
«Չեմ բացառում որևէ բան։ Ինչո՞ւ ոչ։ Աստված մի արասցե, եթե որոշակի խնդիրների բախվեն, ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել»,– ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի հիմքով, որոնք, իրավապահների պնդմամբ, ուղղված են եղել իշխանությունը յուրացնելուն և սահմանադրական կարգը տապալելուն։ Հունիսի 28-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ազատազրկման է ենթարկվել երկու ամսով։






