Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ միջազգային արբիտրաժները հանդիսանում են վեճերը լուծելու այլընտրանքային գործիքներ, և Հայաստանի իրավական համակարգում դրանց դերը կարևոր է։ Նրա խոսքով՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություն կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների վճիռները։
Անդրադառնալով ՀԷՑ–ին առնչվող Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշմանը՝ Գալյանն ասել է, որ ՀՀ–ն կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին, գրում է Aysor.am-ը։
Նախարարը նշել է, որ միջազգային պայմանագրերը լինում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։
«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում»,-ասել է նա։
Գալյանն ընդգծել է, որ ցանկացած կողմ ունի իրավունք դիմելու Հայաստանի դատարան, որպեսզի նախ տեղի ունենա արբիտրի որոշման ճանաչում, ապա այն դառնա պարտադիր կատարման ենթակա։
Նրա խոսքով՝ ներքին օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով նախատեսված է հնարավորություն չկատարել արբիտրաժային որոշումը այն դեպքում, եթե այն հակասում է հանրային կարգին։
«Չեմ կարող ասել, թե դա կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,-ասել է Գալյանը։
Նրա պարզաբանմամբ՝ Ստոկհոլմի արբիտրաժը չի կարող արձանագրել որևէ նպատակ։
«Մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի քննության հետ»,–ասել է նա։
Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը գրել է, որ Միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
Ըստ նրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածում նախատեսվում է քրեական պատասխանատվություն այն դեպքերում, երբ անձը չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտ, կամ խոչընդոտում է դրանց կատարումը։ Թումասյանը հստակեցրել է, որ նման արարքները ոտնահարում են հասարակական այն հարաբերությունները, որոնք կոչված են ապահովել դատական ակտերի իրավաչափ կատարումը։
Նա մատնանշել է, որ այս հանցագործության առարկան հանդիսանում են հենց օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, իսկ հանցանքի օբյեկտիվ կողմը կարող է արտահայտվել ինչպես այդ ակտերի կատարմանը խանգարելով, այնպես էլ՝ դրանք սահմանված ժամկետներում չկատարելով, եթե այդ կատարումը հնարավոր չէ հարկադիր միջոցներով։
Թումասյանը նշել է, որ եթե որևէ անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը կամ ազդեցությունը, խոչընդոտում է ակտի կատարմանը, դա դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք։
Նա շեշտել է, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումների հարկադիր կատարման գործընթացը կարգավորվում է նույն եղանակով, ինչպես այլ դատական ակտերի դեպքում։ Համապատասխան դատարանը պարտավոր է այդ վճիռների կատարման դիմումը ընդունել ու գործարկել երկշաբաթյա ժամկետում՝ եթե պահանջատերը չի հրաժարվել դա անել։
Թումասյանը պարզաբանել է, որ նման վճիռների կատարումը ՀՀ օրենսդրության լիիրավ մաս է, և դրանց չկատարման հետևանքներն ամբողջությամբ համարժեք են ներքին դատական ակտերի չկատարման հետևանքներին։
Նա ընդգծել է, որ քննարկվող հոդվածը չի կիրառվում քրեական գործերով սահմանված պատժի կամ խափանման միջոցների կատարման դեպքերում, քանի որ դրանք կարգավորվում են քրեական և քրեակատարողական օրենսգրքերի դրույթներով։
Թումասյանը անդրադարձ է կատարել նաև հանցագործության սուբյեկտիվ կողմին՝ նշելով, որ այն կարող է դրսևորվել թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի դիտավորությամբ։ Այսինքն՝ եթե անձը գիտակցում է իր գործողությունների հետևանքները, սակայն միևնույն է կատարում է դրանք, դա բավարար է դիտավորության առկայության համար։
Ստեղծված իրավիճակում կարևոր է նաև հասկանալ, թե որ պաշտոնյան պետք է կատարեր դատական ակտը, երբ վերջինիս հասցեատերը կազմակերպություն է։ Այդ նպատակով պետք է ուսումնասիրել տվյալ կառույցի ներքին կանոնակարգերը և իրավական փաստաթղթերը՝ պարզելու համար պատասխանատու պաշտոնյային։
«Վերը նկարագրվածը կիրառվելու է բացառապես այն դեպքում, երբ «առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 23-րդ եվ 25-րդ հոդվածների համաձայն՝ հայցվորը հայցապահանջ է ներկայացնում դատարան եվ դատարանը բավարարում է այն: Ավելին՝ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա եթե առանց հարգելի պատճառի`
- հայցվորը չի ներկայացնում իր հայցադիմումը սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է վարույթը.
- պատասխանողը չի ներկայացնում իր առարկությունները հայցի նկատմամբ 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը` առարկություններ չներկայացնելը ինքնին չդիտելով որպես պատասխանողի կողմից հայցվորի պնդումների ընդունում.
- կողմերից որևէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում գրավոր ապացույցներ` արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը և վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա»,–նշել է նա։
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






