Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը՝ ընդգծելով, որ Ստոկհոլմի արբիտրաժը չի կարող արձանագրել որևէ նպատակ, քանի որ այժմ կիրառվել է միայն նախնական ապահովման միջոց, իսկ վեճի բովանդակային քննությունը դեռևս չի մեկնարկել։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք արբիտրաժի միջանկյալ որոշումը պարտադրում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները դադարեցվեն՝ Գալյանն ասել է, որ դա հնարավոր է միայն դատարանի որոշմամբ, հայտնում է Panorama.am-ը։
«Ոչ, դա կատարման ենթակա կարող է դառնալ միայն ներպետական դատարանի որոշման հիման վրա, և կողմը կարող է դիմել մեր ներպետական դատարանին որպեսզի կայացվի այդ որոշումը, հարկադրաբար կատարելու վերաբերյալ որոշում։ Քանի դեռ դա չի իրականացվել, որևէ հետևանք չի կարող ունենալ»,–ասել է նա։
Նա հավելել է, որ, երբ որ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ղեկավարվում է ներպետական օրենքներով և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում այս շրջանակում չի թույլատրվում։
«Կառավարությունում միշտ բոլոր հարցերի վերաբերյալ ռիսկերը քննարկվում են բազմակողմ և այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են կապված ՀԷՑ–ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը, այսինքն՝ ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։
Ինչ վերաբերում է միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, իհարկե, կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք թե երբ միջազգային արբիտրը անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,– ասել է Գալյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Կարապետյանները պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները։
Նա ընդգծել է, որ մինչև 2034 թվականը հաստատված ներդրումային ծրագիրը համարվում է պարտադիր իրագործման ենթակա, գրում է Sputnik Արմենիան։
«Իրենք պարտավոր են իրենց պլանավորված ներդրումներն անել այնպես, ինչպես կանեին, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ժամանակավոր կառավարչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, ՀԾԿՀ-ը ստացել է հաղորդագրություն, որում հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,– ասել է Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պետք է սեփականատերերը շարունակեն միլիարդների ներդրումները, երբ ընկերությունը կառավարում է ոչ իրենց կողմից նշանակված կառավարիչը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռոմանոս Պետրոսյանի նշանակմամբ էլեկտրաէներգիայի անջատումները կդադարեն, Մեսրոպյանը արձագանքել է, որ ժամանակավոր կառավարչի նշանակումն անմիջական կապ չունի այդ խնդրի հետ։
«Լույսերը կարող են մարել և՛ դրանից առաջ, և՛ էսօր, և վաղը, որովհետև լույսերի վարելու գործընթացն այնպիսի գործընթաց է, որ որևէ կառավարիչ, որևէ պետական ղեկավար, սեփականատեր չի կարող բացառել։ Հարցը այն է, թե այդ լույսերն ինչ հաճախականությամբ, պատճառով ու տևողությամբ են մարում, ինչ արագությամբ են մարման հետևանքները վերացնում»,– նշել է ՀԾԿՀ նախագահը։
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






