Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պետական իշխանությունների ղեկավար մարմիններին՝ նշելով, որ «Վեհարանի հանդեպ ցանկացած ոտնձգություն, առավել ևս՝ ապօրինի ուժով ներխուժում, կնշանակի ոչ միայն իրավական հանցագործություն, այլև սրբապղծություն և Աստծո դեմ ելք»։
Նա հավելել է, որ «Վեհարան ապօրինի ներխուժման հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ներխուժման հիմնական համակարգող Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների, աշխատակիցների ու բոլոր հանցակիցների վրա»։
«Վերջին օրերին հասարակական դաշտում հնչում են մտահոգիչ հայտարարություններ և տեղեկություններ, թե հնարավոր է Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարչապետի լիազորությունների չարաշահման արդյունքում ձեռնարկեն ուժային ներխուժում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհարանի տարածք։
Այս հայտարարությունը նպատակ ունի կանխել նմանատիպ անօրինական և սրբապիղծ քայլը, հիշեցնելով դրա՝ սահմանադրական և միջազգային իրավական հետևանքները, ինչպես նաև դրա ծանր հոգևոր-բարոյական պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյան, վերջինիս կամակատարներ և առիթից օգտվել փորձող հակաեկեղեցական խմբավորումներ․
Վեհարանը ոչ միայն վարչական շենք է, այլ՝ Սուրբ Էջմիածնի սիրտը, մեր ժողովրդի հավատի ու հոգևոր ինքնության դարավոր օջախը։ Վեհարանի վրա ցանկացած ոտնձգություն, առավել ևս՝ ապօրինի ուժով ներխուժում, կնշանակի ոչ միայն իրավական հանցագործություն, այլև սրբապղծություն և Աստծո դեմ ելք։»
Տեր Վրթանեսը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, հիշեցրել է, որ նման գործողությունները կխախտեն ոչ միայն Հիմնական օրենքի մի շարք հոդվածներ, այլ նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված կրոնական ազատությունների և սրբավայրերի անձեռնմխելիության սկզբունքները։
«Կոչ եմ անում՝ Հրաժարվել ցանկացած քայլից, որ կարող է պառակտել հայ ժողովրդին և թուլացնել նրա հոգևոր հիմքերը։
Հիշել, որ իշխանությունը երկրային է և ժամանակավոր, մինչդեռ Եկեղեցին և հավատքը՝ հավիտենական։
Հարգել ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ միջազգային պայմանագրերը և ձեռնպահ մնալ Եկեղեցու գործերին ապօրինի միջամտելուց։
Եթե այս կոչը անտեսվի և իրականացվի հարձակում Վեհարանի վրա, ապա դա ոչ միայն օրենքի առջև հանցանք է լինելու, այլև պատմության ու հավիտենության առջև անջնջելի խարան։
Ձեր անունը հիշատակվելու է ոչ թե շինարարների, այլ՝ քանդողների շարքում։
Աղոթում ենք, որ Տերը լուսավորի ձեր սրտերը և առաջնորդի դեպի արդարություն ու սրբության գիտակցում՝ հանուն մեր ժողովրդի միասնության և սրբությունների պահպանման։ Ապօրինի ներխուժման հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ներխուժման հիմնական համակարգող Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների, աշխատակիցների ու բոլոր հանցակիցների վրա»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






