AM
24 Հուլիս 2025 - 10:17 AMT

Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ Գործադիրը որոշում է ընդունել։

Զինված ուժերում պարտադիր կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների համալրումը, կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 422-Ն որոշմամբ, նախատեսված է եղել իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ներկայում չեն հասցրել իրականացնել բոլոր նորակոչիկների բժշկական հետազոտությունները՝ սահմանված ժամանակահատվածում։

«Զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ»,- նշված է ՊՆ-ի հիմնավորման մեջ։