AM
24 Հուլիս 2025 - 10:36 AMT

Քոլեջներին լիցենզիայի տրամադրման երկաստիճան համակարգ կգործի

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում ներկայացրել է քոլեջների լիցենզավորման գործընթացում նախատեսվող փոփոխությունները։

Քոլեջները 2 տիպի լիցենզիա կստանան՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։

«Լիցենզավորման կարգում տարբերակում ենք երկու տիպի լիցենզիաներ։ Մեկ լիցենզիան հնարավորություն կտա գործունեության թույլտվություն ստանալ, և այստեղ, բնականաբար, առաջին հերթին կդիտարկվեն այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսին շենքային պայմաններն են, անհրաժեշտ ենթակառուցվածքներն են, որպես ուսումնական կազմակերպություն գործելու նախապայմաններն են։

Ինչ վերաբերում է երկրորդ լիցենզիային, սա արդեն կգործի կոնկրետ որակավորման շնորհման համար, կոնկրետ ծրագրի համար։ Այստեղ շատ ավելի բովանդակային կդիտարկվեն անհրաժեշտ դասախոսական կազմի առկայությունը, կոնկրետ այդ որակավորմամբ կրթական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը»,– նշել է նախարարը։

Անդրեասյանը կարևորել է լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը: Մասնավորապես՝ լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են դրվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պայմանների պարագայում լիցենզավորման չափանիշների ուղղությամբ, ինչպես նաև կարևոր ճկունություն է հիմնական աշխատակազմի համամասնության նվազեցումը մինչև 30%:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է տալու, որ քոլեջները շատ ավելի ակտիվորեն ներգրավեն մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն պրակտիկ հմտություններ և գիտելիք, ինչը կարևոր է այս ոլորտի կրթության փոխանցման ընթացքում