AM
24 Հուլիս 2025 - 10:54 AMT

Գալյան․ Պետք է ամեն ինչ անենք, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրություններ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ երբեք չի ասվել, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումը հանրաքվեի միջոցով տեղի է ունենալու ընտրություններից առաջ։

«Ես միշտ ասել եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թ-ի ընտրությունը», ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նախարարը հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխությունների քննարկումը սկսել է շրջանառվել դեռ հեղափոխությունից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ սխալ է այս գործընթացը կապել որևէ արտաքին ազդեցության հետ։

«Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնի հետ, դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կորոշի՝ ուզո՞ւմ է ունենալ նոր Սահմանադրություն, թե չի ուզում»,– նշել է Գալյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա: