Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում սկսված հրատապ գործի շրջանակում արբիտր Պատրիկ Լինդֆորսը կիրառել է արտակարգ միջոց՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությունից ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավելուց :Որոշումը հայտնվել է «Հետքի» տրամադրության տակ։
Մասնավորապես, արտակարգ իրավիճակների արբիտրը ՀՀ–ից պահանջել է՝
- Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
- Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
- Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
- Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
- Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
- Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
- Որեւէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:
Արբիտրաժային մարմնին դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, «Տաշիր» Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, նրա կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:
Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։
Դիմող կողմերը պահանջել են նաև ազատ արձակել Սամվել Կարապետյանին, սակայն այդ պահանջը մերժվել է։
Կառավարությունն արձագանքել էր արբիտրաժային՝ որոշմանը ընդգծելով, որ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր հայտարարությամբ նշել է, որ հանձնաժողովի նախագահը կարող է որևէ վերաբերելի գործողություն իրականացնել միայն այն դեպքում, երբ նշված ակտը ճանաչվի և կատարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն։
«Ստեղծված իրավիճակը փաստում է, որ Կառավարությունը չի պատրաստվում ինքնակամ կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հիմնվելով ՀՀ օրենսդրական պահանջների վրա։
Պետք է հաշվի առնել, որ միջազգային արբիտրաժային դատարանները բարձր հեղինակություն ունեն, և նրանց որոշումների չկատարումը կարող է առաջացնել միջազգային հետևանքներ։ Եթե, օրինակ, ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն հրաժարվի որոշումը կատարել, ապա Նյու Յորքի Կոնվենցիայի դրույթների ուժով, անդամ երկրները կարող են բռնագանձել ՀՀ-ին պատկանող գույքը իրենց տարածքում, օրինակ՝ դեսպանատների շենքերը։
Բացի այդ, արբիտրաժները լուծում են լուրջ ֆինանսական վեճեր, և նման որոշումների չկատարումը կարող է խաթարել այդ համակարգի վստահելիությունը, ինչը չեն կարող թույլ տալ»,–ասվում է հրապարակման մեջ։
Իրավական տեսանկյունից՝ օտարերկրյա արբիտրաժային վճռերի ճանաչման և կատարման հարցերը կարգավորվում են «Քաղաքացիական դատավարության օրենսգրքով»։ Դատարան կարելի է դիմել վճիռը ճանաչելու նպատակով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում։
Օրենքի համաձայն՝ դատական որոշումը կայացվում է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավելագույնը երկու ամսում, և հիմնականում՝ առանց նիստի հրավիրելու։ Նիստ հնարավոր է միայն անհրաժեշտության դեպքում՝ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Նշենք, որ դատարանների նկատմամբ վստահության պակասը որոշակի վտանգ է առաջացնում՝ արբիտրաժային վճիռների գործնական կիրարկման տեսանկյունից, քանի որ օտարերկրյա արբիտրաժի որոշման կատարումը կախված է հենց ներպետական դատարանի կողմից տրված կատարողական թերթից։
Հայաստանը 1998 թվականին վավերացրել է 1958 թվականի «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիան։ Այն նախատեսում է, որ պայմանավորվող պետությունները պարտավոր են արբիտրաժային վճիռներն ընդունել և իրականացնել՝ իրենց դատավարական կանոնների շրջանակում։ Այս վճիռներին չի կարելի կիրառել ավելորդ սահմանափակումներ։
Կոնվենցիան նաև սահմանում է որոշ բացառություններ՝ թույլ տալով մերժել վճռի կատարումը, եթե այն հակասում է տվյալ երկրի հասարակական կարգին կամ եթե վեճը բնույթով ենթակա չէ արբիտրաժային կարգավորմանը տվյալ երկրի օրենքների համաձայն։
Հայաստանը միացել է Կոնվենցիային՝ հայտարարելով, որ այն կկիրառի միայն մյուս անդամ պետության տարածքում ընդունված վճիռների վրա և միայն այն վեճերի նկատմամբ, որոնք հանդիսանում են տնտեսական՝ ՀՀ օրենսդրության շրջանակում։
Ի հավելումն՝ ըստ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի՝ արբիտրաժային տրիբունալի վճիռները ճանաչվում են որպես պարտադիր և կատարվում են դատարանին գրավոր միջնորդությամբ՝ բացառությամբ որոշ դեպքերի, որոնք նշված են Նյու Յորքի Կոնվենցիայում։
Հայաստանը 1995 թվականին կնքել է և 1998 թվականից ուժի մեջ է մտել Կիպրոսի կառավարության հետ «Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։ Այն միտված է ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումների համար՝ երկու պետությունների միջև։
Քանի որ ՀԷՑ-ում ներդրում ունի նաև Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, այդ համաձայնագիրը վերաբերում է նաև այս վեճին։
Համաձայնագրի դրույթներով՝ ներդրումների նկատմամբ պետք է ապահովվի հավասար, արդար և անաչառ վերաբերմունք, ինչպես նաև արգելվում է խտրական մոտեցումը կամ որևէ ձևով խանգարելը դրանց գործունեությանը։
Բացի այդ, ներդրումները չեն կարող բռնագանձվել կամ ազգայնացվել, բացառությամբ դեպքերի, երբ դրանք բխում են հանրային շահից, համապատասխանում են օրենքին, արդարացված են և ուղեկցվում են արդար փոխհատուցմամբ։
Փոխհատուցումը պետք է հաշվարկվի շուկայական արժեքով՝ միջոցառումների մասին հրապարակայնացումից առաջ, լինի փոխարկելի արժույթով, հնարավորինս արագ, և ուղեկցվի համապատասխան տոկոսադրույքով։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ նախագահը որոշում է կայացրել՝ Ռոմանոս Պետրոսյանին նշանակելով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Տարածքային կառավարման նախարարության հաղորդման հիման վրա հանձնաժողովի նախագահը հարուցել է վարչական վարույթ, իսկ Պետրոսյանն այժմ կատարում է ժամանակավոր կառավարչի լիազորությունները։
Գործարար Սամվել Կարապետյանի իրավապաշտպանները 2025 թվականի հունիսի 23-ին հայտարարել են, որ իրենց վստահորդը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ արտակարգ արբիտրաժային գործով։ Դրա արդյունքում Լինդֆորսի կայացրած որոշումը ՀՀ կառավարության համար դարձել է պարտադիր։
Ըստ պաշտպանական հայտարարության՝ արտակարգ արբիտրը նկատել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատեր»։






