Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Կանոնագիրք հայոցում» փոփոխություններ կատարելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել է՝ ինչո՞ւ չնախաձեռնի։
«Վարչապետը հստակ նշել է, ավելի մեկնաբանության բան չունեմ։ Ինչո՞ւ չնախաձեռնի։ Կա՞ կաշկանդող բան։ Ոչ։ Իսկ ինչո՞ւ չպետք է նախաձեռնի։ Վարչապետը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ունի իրավունքներ ու հնարավորություններ արտահայտելու իր կարծիքը, նախաձեռնել այն, ինչ նախաձեռնել է»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Ի պատասխան այն հարցին՝ մասնակցելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Վեհարանն ազատելու» հոգևոր հավաքին Էջմիածնում, Ավանեսյանը ասել է, որ կմտածի։
«Կմտածեմ, կորոշեմ, երբ որ գա ժամանակը, կիմանաք»,–ասել է նա։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի դեմ ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու իր առաջարկին՝ Ավանեսյանն ասել է, որ երևի թե ավելի շուտ էր պետք ներկայացնել։
«Ժողովրդի հասցեին անպարկեշտ արտահայտությունների մասով մենք ևս վիրավորած ենք զգում, ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում։ Մարդը ՔԿՀ-ում է, գուցե նաև այդ պատճառով ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց անձը հեշտությամբ դատի է տալիս, ընդհանուր առմամբ խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում»,- ասել է Ավանեսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






