AM
24 Հուլիս 2025 - 13:09 AMT

Միքայել սրբազանի փաստաբանները միջնորդել են վերացնել կամ փոխել խափանման միջոցը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպանական թիմը ներկայացրել է միջնորդություն՝ առաջարկելով վերացնել կամ մեղմել կալանքը՝ հիմնվելով քրեական վարույթի ընթացիկ փուլում առաջացած իրավական նոր հանգամանքների վրա։

Նշվում է, որ վերացել են պաշտպանյալին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:

Միջնորդության մեջ ներկայացվել են մասնավորապես հետևյալ հիմնավորումները. «….Հուլիսի 23-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Մխիթարյանի կողմից ծանուցվել ենք, որ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի կողմից իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվում է: Հրավիրվել ենք 2025 թվականի հուլիսի 24-ին վարույթի նյութերին ծանոթանալու:

Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու:

Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում՝ այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ, նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա քննիչի կարծիքով մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը:

Հետևաբար քրեական վարույթի շրջանակում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ինքնին ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է:

Մյուս հիմքը վերաբերում էր նոր հանցանք կատարելուն, այնսինքն՝ կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությանը»:

Այստեղ հարկ է նշել, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ: Դրա լավագույն ապացույցը Սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս և ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որևէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ և ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է»:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը(…)»:

Պաշտպանները նշել են նաև, որ տեսականորեն հնարավոր նվազագույն ռիսկերը կարելի է ապահովել այլընտրանքային խափանման միջոցներով՝ առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով: Այս իմաստով պատրաստակամություն կա թե գրավի, թե մնացած միջոցների, այդ թվում՝ համակցված կիրառման:

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։